Մենք պարտվեցինք: Ես չեմ փորձում մեր պարտության մեղքը բարդել ուրիշների վրա: Այդ պարտության հիմնական մեղավորը հայ կառավարողներն են իրենց հակաժողովրդական, թալանչիական էությամբ և ամենակարևորը՝ եզակի իշխանավորը, չասեմ իր հիմարությամբ և քաղաքական տհասությամբ, այլ ցցուն դավաճանությամբ: Չեմ ցանկանում խոսել նախորդ երեք կառավարողների և այսօր երկիր հանձնած դավաճանի մասին: Հավատացած եմ, բոլոր չորսի գնահատականը պատմությունը կտա:
Այսօրվա իմ քննարկելիք թեման Պուտինի մանիպուլյացիաներն են: Ասեմ, որ ամենախելոք մարդն անգամ, անգամ հանճարը, երբ ստում է, նրան միշտ էլ կարելի է բռնել այս կամ այն երևույթի մասին իր տված գնահատականների մեջ: Եվ այդ մարդու կերպարը հեշտ չէ հրամցնել ժողովրդին այնպես, ինչպիսին է նա իրականում: Խոսքս հաստատելու համար բերեմ մի քանի օրինակներ: Թե ով է եղել ԼՏՊ-ն մեր նորագույն պատմության մեջ, հասկանում են միայն նրանք, ովքեր ունեն վերլուծական միտք և որից հետո մտահանգման ճիշտ կարողություն: Դեռ քանի՜ քանիսն են այսօր հավատում մեր հասարակությունում ԼՏՊ-ին: Երկու ղարաբաղցի կառավարողների մասին միայն կարող եմ ասել՝ փողը, ագահությունը նրանց կործանեց: Իսկ Սերժի մասին, թող ների ինձ Աստված, հազար ողորմի նրա կնոջը, կյանքն ասաց.
-Անազնիվ ճանապարհով վաստակած փողի մեջ չէ մարդկային երջանկությունը:
Այսօրվա թերմացքի մասին խոսելիս պետք է առաջին հերթին մեղադրել Սերժ Սարգսյանին: Այդ աղբի լրիվ գնահատականը կտրվի այն ժամանակ, երբ նա նստած կլինի մեղադրյալի աթոռին: Հավատացած եմ, որևէ քաղաքական ուժ այսօր չի ցանկանում ֆիզիկապես ոչնչացնել քաղաքական նեխած դիակին: Որքան էլ հուսալի լինի նրա ապահովությունը, ցանկության դեպքում միշտ էլ կարելի է ոչնչացնել նրան: Բայց նա ողջ է պետք, որպեսզի բացահայտվի հանցագործությունների այն ողջ շղթան, որի անունն է «իմքայլականներ»:
Հիմա շարունակեմ միտքս: Պուտինն ասում է, թե Ռուսաստանը պարտավորություն ունի միայն Հայաստանի նկատմամբ, իսկ Ղարաբաղն անգամ Հայաստանը չի ճանաչել: Հարցադրումը ճիշտ է և տրամաբանական: Բայց հիմա հարցնեմ Վլադիմիր Վլադիմիրովիչին. Աբխազիան և Հարավային Օսիան ճանաչվա՞ծ պետություններ էին, որ մտար (ես Ռուսաստանի կողմից զորք մտցնելն այդ տարածքներ ճիշտ եմ համարում) և ազատեցիր այդ տարածքները: Նույնը Դոնբասի և Ղրիմի մասին: Ասեմ, որ Ռուսաստանը ճիշտ է վարվել: Եթե Ղրիմը չլիներ ռուսական տարածք, այնտեղ պիտի տեղավորվեր ՆԱՏՕ-ի ռազմաբազան: Գաղտնիք չէ, եթե չլինի ռուսական ուժը, Դոնբասը մի քանի ժամում կդադարի գոյություն ունենալուց: Ռուսաստանի գործողությունները այդ բոլոր տարածքներում ես համարում եմ ռուսական շահից ելնելով արդարացված և հիմնավոր:
Ղարաբաղում Ռուսաստանը չգործեց նույն ձևով: Ինչու՞: ՈՒկրաինային ո՞վ պիտի պաշտպաներ ռուսական արջից՝ Եվրոպա՞ն, Ա՞ՄՆ-ը: Ծիծաղելի է: Անդրկովկասում Ադրբեջանին կոնկրետ պաշտպանում էր Թուրքիան, որի հետ հարյուր տարի է ինչ Ռուսաստանը սիրախաղով է զբաղված: Ասեմ, թե Ռուսաստանը չի վախենում Թուրքիայից, սխալ կլինեմ, ասեմ, թե վախենում է, նույնպես սխալ կլինեմ: Պուտինն այսօր էլ շարունակում է լենինյան քաղաքականության սխալ գիծը, որի մասին այսօրվա Ռուսաստանում քննադատաբար են խոսում առաջավոր ռուս քաղաքական մեկնաբանները: Եթե մինչ Հոկտեմբերյան հեղափոխությունը Թուրքիան հենարան չուներ Անդրկովկասում, այդ հենարանը ստեղծվեց ի դեմս Ադրբեջանի, և այսօր Թուրքիան ամուր հենարան ունի այստեղ: Փաստորեն Խորհրդային Ռուսաստանը իր սրտում ստեղծեց մի նոր թշնամի: Եվ այդ հիմար թուրքամետ քաղաքականությունը շարունակվում է այսօր: Պուտինն իր քաղաքականությամբ Միջին Ասիայում ստեղծում է ապագա թուրքական մի քանի պետությունների դաշինք: Կանցնի ոչ թե հարյուր տարի, այլ ավելի քիչ, և այդ դաշինքի ողջ ծանրությունը կզգա Ռուսաստանը: Այս պատերազմում թվում էր մեր բնական դաշնակիցն էր նաև Իրանը: Ավա՜ղ: Իր ոչ ճիշտ քաղաքականության հետևանքները վաղ թե ուշ Իրանը զգալու է:
Այսօր Ռուսաստանը Թուրքիայի ֆորմալ դաշնակիցն է: Պուտինին թվում է, թե Թուրքիան պոկել է ՆԱՏՕ-ից: Ինչպիսի՜ հիմարություն: Վերջին հաշվով Թուրքիան թքած ունի և՛ Արևմուտքի, և՛ Ռուսաստանի վրա: Նա այսօր ավելի քան հզոր է: Եվրոպայում մուսուլմանների, ինչպես և ՌԴ-ում հսկայական մուսուլմանական բնակչությունը բավարար է Թուրքիային նրանց հետ շանտաժի լեզվով խոսելու համար:
Խոսեմ Պուտինի մեկ ուրիշ սխալի մասին: Նա համոզված է, որ Ադրբեջանը Թուրքիայի դաշնակիցն է և վերջին հաշվով Ռուսաստանին ոչ բարեկամ: Պուտինն այդ հարցին պատասխանել է.
-Յուրաքանչյուր սուվերեն պետություն ինքն է ընտրում իր դաշնակցին:
Հիանալի է ասված: Այդ ժամանակ կհարցնեմ Պուտինին. իսկ ի՞նչ է, Վրաստանը՝ որպես սուվերեն պետություն, իրավունք չունե՞ր ընտրելու իր դաշնակցին: Նույնը ՈՒկրաինայի մասին: Չէ՛, Պուտինը մանևրում է այնպես, ինչպես ձեռնտու է իրեն: Նա երազում էր մեր պարտությունը, ինչին և հասավ: Ռուս-թուրքական բախումը սարերի հետևում չէ: Թուրքիան անդրկովկասյան պատերազմից հետո քաջալերելու է Զելենսկուն: Հասունանում է Ռուսաստանի կործանման թուրքական երազանքի պահը: Աստված, տուր ռուս կառավարողին հիմնավոր փաստերը վերլուծելու երկարաժամկետ կարողություն:
Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ